Friday, October 7, 2011

Զրոներն ու մեկերը ընդդեմ իրական շփման

10-ամյա Մհերը նախընտրում է իր սենյակում համակարգչային խաղերով զբաղվել , քան թե իջնել բակ` ընկերների հետ ֆուտբոլ խաղալու: Պատճառը պարզ է: Ինչի՞ համար ավելորդ ջանք ու եռանդ թափել գնդակը այս կամ այն կողմ շպրտելու համար , երբ մկնիկի մեկ «կտտոցով» հնարավոր է մի ամբողջ բանակի ուղարկել պատերազմ կամ ստեղնաշարի մեկ հարվածով հաղթահարել բազում խոչընդոտներ, հրեշներ ու «լեվելներ» ` վերջում ողջ աշխարհը կամ գոնե չքնաղ արքայադստրին փրկելու համար: Փոշոտ ու անհրապույր բակը ընդդեմ մանրամասնորեն գծագրված , գեղեցիկ ու արկածներով լի վիրտուալ աշխարհի , որտեղ հերոսը ամենակարող է , մրցանակները` բազմապիսի ու բազմաձև,իսկ պարտվելը բոլորովին սարսափելի չէ , քանի որ կա ամենակարող ու ամենափրկիչ «Play again» կոճակը : Անդեմ ու անշունչ հակառակորդից պարտված խաղացողը անգամ ժամանակ էլ չի ունենում զգալու պարտության դառը հիասթափությունը կամ վրեժխնդրության ծարավը . մկնիկի մեկ հարվածը լուծում է բոլոր խնդիրները: Եվ կարևոր չէ , որ տնային աշխատանքները արված չեն , ընտանիքի ու ընկերների հետ անցկացրած ժամանակը ավելի ու ավելի է քչանում , կարևորը բազմադեմ , բազմապիսի ու բազմախոստում 0-ներն ու 1-երն են` իրական աշխարհի առավել գայթակղիչ ու գունագեղ փոխարինողները:

Վիրտուալ խաբկանքի զոհ են ոչ մի այն երեխաները , այլև բազմաթիվ դպրոցականներ ու ուսանողներ: Վերջիններիս ավելի շատ են իրենց թակարդը գցում ժամանակակից սոցիալական ցանցերը` Faceebook-ը, odnoklassniki-ն , twitter-ը և այլն: Սոցիալական ցանցերում գնալով ավելի են շատանում ամբողջ օրը համակարգչային էկրանին գամված դեռահասների նմանատիպ ստատուսները` «Մեկդ ասեք,որ դուրս գամ Facebook-ից , ինչ կլինի…» , «հենց հիմա դու՛րս արի Facebook-ից » և կամ «Թե ասա լիքը գործ ունես , ինչ եկար ու թթվեցիր Facebook-ում» և այլն: Որպես կանոն` համակարչի էկրանից սոցիալական սոցիալական ցանցամոլությամբ տառապողներին փրկում է մարդկային բնական պահանջներից ամենահիմնականը` սուր քաղցը: Քաղցի բնական ազդակը ստանալուց հետո միայն դեռահասը դադարում է «refresh» անել Facebook-ի հիմնական էջը նոր տեղեկացումների կամ ընկերներից նորություններ ստանալու ակնկալիքով ,իսկ քաջ , հաղթանդամ ու դիվանագետ զինվորը մի պահ վայր է դնում իր զենքերը: Վերջապես սեղմվում են կախարդական «quit» և «turn off» կոճակները և , ո՜վ հրաշք , Facebook-ի «profile picture» ժպտերես ու գեղեցկադեմ աղջիկը կամ տղան, օրորվելով մոտենալով հայելուն , տեսնում է մի գունատ կերպարանք`կարմիր աչքերով ու աչքերի ներքևը գծագրվող սև պարկերով , իսկ հաղթանդամ հերոսը վերածվում է մի վտիտ ու թուլակազմ տղայի` չարված տնային աշխատանքների բեռը ուսին:

Ի վերջո ինչո՞վ են սոցիալական ցանցերը այդպես գրավում օգտագործողներին: 19-ամյա Գևորգյան Տաթևիկի կարծիքով դրանք օգնում են մարդկանց արտահայտվել , կիսել իրենց լավ կամ վատ տրամադրությունները:

«Օրինակ երբ մի պրոբլեմ եմ ունենում,-ասում է նա,- ստատուս գրելը կամ անծանոթներին պատմելը շատ ավելի հեշտ է»:

Իսկ 20-ամյա Սոնա Ավետիսյանի կարծիքով սոցիալական ցանցերից ավելի արագ, էժան ու հեշտ շփվելու միջոց մարդը դեռ չի հնարել:

«Պատկերացրեք, թե տղայի համար որքան ավելի ծախսատար և դժվար կլիներ աղջկան պարզապես հաճոյախոսելը (սրճարանային ծախս, կոմպլեքսներ, կաշկանդող հայացքներ...) : Իսկ այստեղ` մի հատ like, ու ամեն ինչ ասված է»:

«Սոցիալական ցանցերը գրավում են իրենց անմիջականությամբ,-կարծում է 19-ամյա Տաթևիկ Ստեփանյանը,- եթե մարդու աչքերի մեջ նայելով չես կարող վատը ասել , դրա միջոցով կասես: Բացի այդ , սոցիալական ցանցերը շատ հարմարավետ ու բազմաֆունկցիոնալ են , միաժամանակ կարող ես լինել մի քանի կայքերում կամ խոսել մի քանիսի հետ: Հնարավոր է նաև շփումը համակցել խաղերի կամ զվարճալի հարցումների հետ:»

Ըստ հոգեբան Պ. Կարապետյանի` սոցիալական ցանցերը և վիրտուալ խաղերը հաճախ ինքնահաստատման , իհարկե նաև ինքնախաբեության միջոց են: Իրական աշխարհում իր ուժերի վրա ոչ այնքան վստահ անհատը փորձում է կարևորել իր սեփական եսը վիրտուալ աշխարհում:

«Օրինակ բարդույթներ ունեցող տղան կամ աղջիկը, ով խնդիրներ ունի իրական շփումներում , հեռակա և անանուն հաղորդակցության ժամանակ իրեն շատ ավելի վստահ է զգում»,-ասում է Պ.Կարապետյանը:

Ու թեև շատերն են հասկանում , որ վիրտուալ աշխարհը միայն խաբկանք է` թեկուզ և գեղեցիկ ու հրապուրիչ , երբեմն դժվար է դառնում դրա թակարդը չընկնելը: Լավագույն լուծումը թերևս «ոչ ինտերնետին» կամ «ոչ համակարգչին» կարգախոսներով շաբաթներ կամ ամիսներ հայտարարելն է: Հենց կլանիչ հրեշը վերածվում է կահույքի մի մասի , կյանքը սկսում է ցույց տալ նոր գույներ ու երանգներ: Նախկին համակարգչամոլ երեխան կամ դեռահասը սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի անդամների, ընկերների հետ , սկսում է ավելի ակտիվ կյանք վարել , այցելել թատրոններ , զվարճանքի վայրեր , մի խոսքով , շուտով բոլորովին էլ չի զգում ալտերնատիվ իրականության կարիքը , որը թեև արկածներով լի է ու զարմանահրաշ , իրականում ոչ այլ ինչ է ,եթե ոչ 0-ների ու 1-երի նախապես լավ կշռադատված դասավորություն: