Wednesday, February 9, 2011

Հուշեր Գեղասահքի երևանյան դպրոցից


Մի սահադաշտ էր միայն`փոքր,միջազգային չափանիշներին չհամապատասխանող մի սահադաշտ,որն ամեն առավոտ մեր մարզիչը ջանասիրաբար մաքրում էր ձյունից:Մաքրում էր,որ քիչ թե շատ սառույցի նմանվի:Մեր ամբողջ հույսը,հավատը ու ներշնչանքը սառույցի այդ ոչ այնքան մեծ ու քառակուսի կտորն էր (ուրիշներինը շրջանաձև է ,մերը ` քառակուսի):Մարզիչը մեզ կանչում էր կամ առավոտյան շուտ,կամ երեկոյան:Բայց քանի որ վաղ առավոտյան եկողների թիվը այնքան էլ մեծ չէր,պարապմունքները հիմնականում անցկացվում էին երեկոյան:Գալիս էր մեր մարզիչը` ոգևորված ,ջանասեր ,եռանդով լի ( մի եռանդով,որին , ցավոք, մարզիկներից կեսից ավելին անհաղորդ էին մնում): Մենք սկզբում պարապում էինք գետնի վրա : Այն ամենը , ինչ նախատեսված էր սառույցի համար ,մենք կատարում էինք գետնին ու բավականաչափ գոհ էինք դրանից:Շատ կարևոր տեսքով մենք բեմադրում էինք մեր պարերը ,սառույցի վրա երբևէ չարձանագրված հաջողություններ ցուցադրում ,ու ֆուտբոլիստի կամ վազորդի նման երկար ու դժվար ֆիզիկական վարժությունների կտտանքին ենթարկվում:
Ես հիշում եմ,որ պատահում էր` մեր սառույցը , մի քանի ամիս անտեր մնալով, ծաղկում էր:Ամեն օր մենք մտնում էինք սահադաշտ `հետևելու նոր ծիլերի աճին:Ես միշտ մտածում էի,որ դրանից ավելի լավ ծաղիկների մարգ դուրս կգա,քան թե սահադաշտ: Բայց դե հենց հնարավորություն էր ստեղծվում,մեր սահադաշտին կոպտորեն արթնացնում էին իր գարնանային քնից ու ինքն իրեն ծաղիկների մարգ երևակայող սառույցը ,նորից պնդանալով,ստիպված էր լինում ընդունել իր իսկական առաքելությունը:
Ուրիշ էր,երբ կար սառույցը...
Մենք բոլորս սահադաշտ էինք մտնում ժամացույցներով լավ զինված:Այնպես,ինչպես ծույլիկ աշակերտն է կողքինից անընդհատ ժամ հարցնում, նույնպես և ես ու իմ խելքի բավական շատ գեղասահորդներ հաճախ անձեռոցիկ վերցնելու պատրվակով մոտենում էինք սահադաշտը շրջապատող պատվարներին ու մի հապճեպ հայացք գցում ժամացույցի վրա:
Եթե ուրիշ երկրներում սահադաշտերը իրենք են առաջ մղում մարզիկներին,ապա մեր սահադաշտին,ընդհակառակը ,պետք էր երկար ու տքնաջան համոզել ու խրախուսել,որ մեջը իսկական սահադաշտային հպարտություն ու արժանապատվություն առաջանա:
Սառույցում ցուրտ էր, ու քանի որ մենք այնքան էլ հեշտ ու այնքան էլ շատ չէինք շարժվում (հերիք է թափ հավաքես,արդեն սահադաշտի մյուս ծայրում ես),ապա շատերս ահավոր մրսում էինք:Արդյունքում` բավականին հաճախ զուգարան գնալու ցանկություններ էին արձանագրվում (զուգարանը սահադաշտից դուրս էր ու,ամենակարևորը `տաք) :Ամենից բարակը մեր մարզիչն էր հագնվում ու միայն նա էր,որ չէր մրսում,որովհետև մեր մարզիչը,ինչ խոսք , մեզնից ավելի էր նվիրված իր գործին , նպատակին ու քառակուսի սահադաշտին:Նա միշտ քրտնում էր ու միշտ գոռգոռում: Նա մեզ բոլորիս էլ սիրում էր և ում ավելի շատ էր սիրում,նրա վրա ավելի շատ էր գոռգոռում: (Մեր մարզիչը հիմա Մոսկվայում է ,այնտեղ նա իր որդուն է մարզում ու բավական մեծ հաջողություններ ունի:Մենք`նրա սաներս, բոլորս էլ շատ ուրախ ենք ,որովհետև բոլորս էլ գիտենք , որ գեղասահքը մեծ վնասներ չի կրել մեր նման մարզիկներ կորցնելով):
Գեղասահքի դպրոցում երևի ամենազավեշտալի բանը մրցումներն էին:
Մեզ `ձյունախառն,անհարթ,տեղ –տեղ դեղին ,բլթականման ուռուցքներով լի սառույցին սովոր սաներիս ,տրամադրում էին հայելու պես մաքուր ,հնարավորինս հարթ, ատամները սրած ու տոնական տեսքով փռված մի սառույց:Ու չգիտեինք` լացենք,թե ուրախանանք,որովհետև այդ նոր տեսակի սառույցը մեր բոլորի մեջ ,անխտիր, սարսափ էր առաջացնում:Մրցումների օրերին մենք կարծես առաջին անգամ էինք մտնում սահադաշտ ու արդեն սարսափախառն պատկառանքով էինք նայում մեր քառակուսուն:Շատերը ընկնում էին,մի քանիսը ոգևորվում սառույցի ցուցաբերած նոր հատկություններով, իսկ մնացածը ,վախենալով այդ անսովոր երևույթից,մեծ մասամբ ,ձախողում ելույթը :
Այսպիսին է գեղասահքի երևանյան դպրոցը,որտեղ մտնողը երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ,որովհետև դառնում է այդ աշխարհի մի մասը,դուրս եկողն էլ ազատ շունչ է քաշում,բայց մեկ-մեկ էլ կամացուկ ու կարոտախառն թախծում` անցած-գնացած դեպքերն ու դեմքերը հիշելով:

No comments:

Post a Comment